Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ԿԱՐՈԼԻՆԱՅԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ

ԿԱՐՈԼԻՆԱՅԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ
25.01.2011 | 00:00

Ալլա Սերոբյանի տպագիր առաջնեկի` «Օճառիկի պայմանը» նորընծա հեքիաթի (նկարիչ` Կարինե Եղիազարյան) շնորհանդեսը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում (տնօրեն` Ռուզան Տոնոյան) ինձ համար արտասովոր իր ձևաչափով անմիջապես է սրում հետաքրքրությունս։ Գրադարանի 15 հազարից ավելի ընթերցողների 200 մանուկ «պատվիրակների» հետ նախադպրոցական բաժնի վարիչ Էլինար Մուրադյանի խրատաշունչ ելույթին հընթացս համակ ուշադրություն եմ դառնում։ Եվ շուտով կիսում եմ մանկագիր Լիպարիտ Սարգսյանի խանդավառությունը, երբ գրադարանի թատերական խմբակի (ղեկավար` Ստեփան Շահինյան) սաներն իրենց տարաչափ շնորհներով ու վարակիչ անկեղծությամբ խաղարկում են մարշակյան հանրահայտ «Չոփչոփիկի» անջնջելի հիշողությունն ակամա արթնացնող հեքիաթը։ Հայկական «Չոփչոփիկում» փոքրիկ աղջնակի կերպար ստացած Օճառիկ-Վանուհին ու նրան շուտով բարեկամացած չարաճճի, բայց ուշիմ Տիգրանիկ-Ալենն իրենց անմիջական զուգախաղով պահպանում են մանուկ հանդիսասրահի լարվածությունը հեքիաթապատումի սկզբից մինչև բարոյախրատական ավարտը։ Հիգիենայի պարտադիր կանոնների փոքր-ինչ ուղղագիծ պատվաստման հեղինակային միտումը, պարզ ու գրավիչ շարադրանքի մանկական անսեթևեթ մարմնավորմամբ, միանգամայն արդարացվում է։ Իրար հրմշտելով` երեխաները շտապում են հեղինակից ստանալ իրենց ներկայացված հեքիաթի գիրքը։ Կարինե Եղիազարյանի նկարազարդումներն իրենց նախընտրած գույներով ներկայացնելուն զուգահեռ մանուկ ընթերցողները, անկասկած, կմտորեն հիգիենայի տարրական կանոնների կարևորության շուրջ ու իրենք էլ կընկերանան Օճառիկի հետ։ Եթե, իհարկե, արդեն չեն բարեկամացել։
Հեռուստաէկրանի հանրաճանաչ հեքիաթասաց Ալլա մորաքրոջից հեքիաթագիրը տարբերակվում է` կարծես բնազդաբար «Ալլա հորաքույր» մկրտվելով։ Շրջապատված հանդիսատեսային անբարդույթ հարցասիրությամբ` մանուկ ընթերցողների դրվատանքից շողշողացող Ալլա հորաքույրը նորահայտ իր բալիկներից չի թաքցնում, որ շուտով տպագրության է ներկայացնելու իր հեղինակած 30 հեքիաթներից ևս 10-ը։ Պարզվում է` թատերախմբակի սաներն իրենք էլ գրողական փորձեր են անում` մանկուց ոտանավորներ հորինելով տարված Ալլա հորաքրոջ հանգույն։ Օճառիկ-Վանուհին էլ չափածոյով է գայթակղված, իսկ Տիգրանիկ-Ալենի գրած հեքիաթներից մի քանիսն արդեն տպագրվել են։ Ալլա Սերոբյանի հայտնությամբ խարխլվել էր նրանց ավանդական պատկերացումը հեքիաթագրի մասին. իրենց առջև ոչ թե ալեհեր տատիկ էր, այլ երիտասարդ, բարետես մի կին։
Ինքս էլ, առաջին անգամ մասնակցելով գրքի այսօրինակ շնորհանդեսի, առիթ ունեցա բացահայտելու թե՛ ազգային մանկական գրադարանի բովանդակալից ա-ռօրյայի, թե՛ գործընկերուհուս մտավոր հետաքրքրությունների ինձ անծանոթ կարևորագույն շերտերից մեկը։
Մատաղ սերնդի կապը դասական ընթերցանության հետ ամրապնդելու ջանադրությամբ` գրադարանի աշխատակիցները տարաբնույթ մեծ ու փոքր հանդիսություններ, ծրագրային միջոցառումներ են անցկացնում։ Ամենաակտիվը հեքիաթի սրահն է, որտեղ միայն 2010-ին 267 հեքիաթապատում է խաղարկվել։ Փորձը ցույց է տվել, որ թատերականացված մատուցմամբ զգալիորեն խթանվում է այս կամ այն գրական երկին անմիջականորեն հաղորդակցվելու ընթերցողական ցանկությունը, հոգևոր պահանջի վերածվում։
ԵՊԹԿԻ-ի էստրադային բաժնի շրջանավարտ Ալլա Սերոբյանը, որը Խորեն Աբրահամյանի հրավերով 1994-ից Սունդուկյանի անվան թատրոնի դերասանախմբում է ընդգրկվել, դստեր` Կարոլինայի խնամքին ու դաստիարակությանն անմնացորդ նվիրվելով` թողել է բեմը։ Հենց Կարոլինայի ներշնչանքով էլ ստեղծվել են առաջին հեքիաթները։ Օճառիկի կերպարն էլ, ըստ էության, Կարոլինան է լրացրել ու գունեղացրել մանկական երևակայությամբ։ Նրա հասակ առնելով ու անզիջում «խմբագրությամբ» հստակվել են նորահնար սյուժեներ, հերոսներ։ Մայր ու դուստր շուրջ տասը տարի միադաշն շարունակում են կերտել հեքիաթների իրենց աշխարհը` խորացնելով համաշխարհային գրականության իմացությունը, համակողմանի ընդլայնելով մտահորիզոնը` 21-րդ դարի «մարտահրավերներին ընդառաջ»։ Կարոլինային պատմած հեքիաթներով էլ հղկվել է Ալլա Սերոբյանի գրիչը։ Միասին էլ տպագրության համար ընտրել են «Օճառիկի պայմանը»` հրապարակային քննության ներկայացնելով երեսունից այս մեկը` ամենահղկվածը։
Ալլա Սերոբյան մտավորականի լեզվամտածողությանն ու ձեռագրին զանգվածային ընթերցողն արդեն ծանոթ է «հՏոպրպՊվՌՍ»-ի (2007 թ.) «Լեգենդ, թե իրականություն» խորագրով ռուսերեն-հայերեն դիմանկարաշարից, բայց, որպես հեքիաթագրի, նոր է բացահայտելու։ Առաջնեկի ջերմ ընդունելությամբ, վստահ ենք, անհամեմատ կոկված ու իմաստնացած, դյուրությամբ կշարունակվի Կարոլինայի հեքիաթների դղյակի շինարարությունը։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3567

Մեկնաբանություններ